Բնագավառներ


ՈՒՍՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Շատերը դպրոցն ավարտելով ընդունվում են  ԲՈՒՀ` ապագայում լավ աշխատանք գտնելու և մեծ գումարներ վաստակելու ակնկալիքներով:

Անշուշտ` ուսումը վերջինիս հասնելու համար անհրաժեշտ ու կարևոր գործոն է, որը ցանկացած այլ ապրանքի պես, ձեռք բերելու համար անհրաժեշտ է որոշակի գումար ծախսել: Այլ կերպ ասած` այն իրենից ներկայացնում է ինքնատիպ մի ակտիվ, որում անհրաժեշտ է ներդրում կատարել` իհարկե հաշվի առնելով հետագայում դրանից ստացվող արդյունքի չափը:
Այս առումով` Ձեր ֆինանսները ճիշտ կազմակերպելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հաշվարկել, թե ինչքան գումար է Ձեզ անհրաժեշտ սովորելու համար` ուսման վարձ, գրքեր և այլ ուսումնական նյութեր, ինչպես նաև տրանսպորտային, կոմունալ և շատ այլ նմանատիպ ծախսեր, եթե ուսումը շարունակելու համար Դուք պատրաստվում եք մեկնել այլ քաղաք:
Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն, որ ուսումնառության տարիների ընթացքում Դուք ավելի շատ գումար եք ծախսելու ուսման վրա և միաժամանակ հնարավոր է, որ ավելի քիչ գումար կարողանաք վաստակել, քանի որ դասերին հաճախելու պատճառով աշխատելու ժամանակ քիչ եք ունենալու, կամ ընդհանրապես չեք ունենալու: Անհրաժեշտ է պլանավորել Ձեր բյուջեն և հնարավորին չափ կրճատել ավելորդ ծախսերը: Այս հարցում Ձեզ կարող է օգնել մեր կայքում տեղադրված Բյուջեի պլանավորման հաշվիչը:
Ուսման ֆինանսավորման աղբյուրները բազմազան են.
  • ընթացիկ եկամուտներ,
  • սեփական խնայողություններ,
  • ընտանիքի անդամների օգնություն,
  • ուսումնական կրթաթոշակներ,
  • գրանտներ և ուսանողական վարկեր:
Ձեր ուսման ֆինանսավորման հիմնական աղբյուրներն են սեփական ընթացիկ եկամուտներն ու խնայողությունները: Ուստի` անհրաժեշտ է նախօրոք պլանավորել բյուջեն` հաշվի առնելով ուսման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների չափը և այդ նպատակով ընթացիկ եկամուտներից համապատասխան հատկացումներ կատարել:
Ձեր ուսման ֆինանսավորման համար Դուք նաև կարող եք դիմել ընտանիքի օգնությանը:
Բացի նշվածներից` գոյություն ունեն բազմաթիվ ուսումնական կրթաթոշակներ ու գրանտներ, որոնք նույնպես կարող են ծառայել որպես ուսման ֆինանսավորման աղբյուր: Վերջիններս տրամադրվում են ուսանողներին` հաշվի առնելով տարբեր չափանիշներ` սոցիալական վիճակ, լավ առաջադիմություն, ուսանողների ակտիվություն, անհատական աշխատանքներ և այլն:
Հայաստանում, մասնավորապես` Ձեր ԲՈՒՀ-ում առկա կրթաթոշակների մասին կարող եք ավելի մանրամասն իմանալ ԲՈՒՀ-ում պարբերաբար փակցվող հայտարարություններից կամ գործող ուսանողական կառույցներից: Եթե, այնուամենայնիվ, Դուք միջոցների պակաս եք զգում, ապա ուսման ֆինանսավորման համար Դուք նաև կարող եք օգտվել հատուկ այդ նպատակով տրամադրվողուսանողական վարկերից:
Եթե Դուք աշխատում եք և ունեք կայուն եկամուտ, ապա կարող եք ինքներդ վարկ ստանալ` համապատասխան փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև տեղեկանք Ձեր ԲՈՒՀ-ից:
Եթե Դուք չեք աշխատում ապա Ձեզ համար ուսանողական վարկ կարող են ստանալ Ձեր ծնողները` իրենց փաստաթղթերի հետ միասին ներկայացնելով նաև Ձեր անձնագիրն ու համապատասխան տեղեկանք ԲՈՒՀ-ից: Որպես կանոն տեղեկանքում նշվում է ուսանողի անունը, ազգանունը, բաժինը, կուրսը, ինչպես նաև ԲՈՒՀ-ի հաշվեհամարը, որին բանկն անմիջապես փոխանցում է գումարը: Սակայն բանկերը կարող են նաև հավելյալ տեղեկություններ պահանջել, ուստի` տեղեկանքի հստակ ձևի մասին անհրաժեշտ է տեղեկանալ հենց բանկերից:
Ուսանողական վարկերի տրամադրման պայմաններին, ինչպես նաև վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ բանկերի ինտերնետային կայքերում կամ հենց բանկերի մասնաճյուղերում:
Սակայն հիշեք, որ վարկ վերցնելն ընդամենը առաջին և ամենահեշտ քայլն է: Առավել կարևոր է նաև կարողանալ այն ժամանակին ու ամբողջությամբ մարել: Դա բխում է Ձեր իսկ շահերից: Հավատացեք, որ իրականում դա այդքան էլ դժվար չէ, ուղղակի անհրաժեշտ է իմանալ Ձեր վարկի իրական արժեքը, մասնավորապես` ամսական վճարումների ժամկետներն ու չափը և դրան համապատասխան պլանավորել Ձեր եկամուտներն ու ծախսերը:

 Օգտակար խորհուրդներ.

1. Վերցրեք միայն այնքան գումար, որքան ձեզ անհրաժեշտ է: 
Հիշեք` որքան մեծ գումար վերցնեք, այնքան շատ եք ետ վերադարձնելու հետագայում: Եվ բացի այդ` որքան մեծ գումար վերցնեք, այնքան շատ տոկոսագումարներ պետք է վճարեք դրա դիմաց:
2. Իմացեք Ձեր վարկի իրական արժեքը: 
Խնդիրը կայանում է նրանում, որ բացի տոկոսագումարներից, որոնք գանձվում են անվանական տոկոսադրույքին համապատասխան, գոյություն ունեն նաև վարկի ստացման ու սպասարկման հետ կապված ուղղակի և անուղղակի վճարներ, որոնք մեխանիկորեն թանկացնում են վարկի արժեքը: Ձեր վարկի իրական արժեքը, այլ կերպ ասած` փաստացի տոկոսադրույքը, կարող եք հաշվարկել մեր կայքում տեղադրված Վարկային հաշվիչի միջոցով: 
3. Իմացեք վարկի մարման հետ կապված Ձեր պարտականությունները և ժամանակին ու ամբողջությամբ կատարեք դրանք: 
Կատարեք վարկի մարումները ըստ բանկի կողմից Ձեզ տրամադրված ժամանակացույցի: Հիշեք` Դուք կարող եք վճարել ըստ ժամանակացույցի վճարվելիք գումարից ավելի շատ և ավելի շուտ. դա Ձեզ թույլ կտա հետագայում ավելի քիչ տոկոսագումարներ վճարել: Սակայն Դուք չեք կարող վճարել ավելի քիչ կամ ավելի ուշ: Այս դեպքում դուք խնդիրների առջև կկանգնեք. ստիպված կլինեք վճարել տույժ ու տուգանքներ և ձեռք կբերեք վատ վարկային պատմություն, ինչը կբարդեցնի հետագայում Ձեր կողմից վարկերի ստացման գործընթացը:
4. Ճիշտ գնահատեք հետագայում` ուսումն ավարտելուց հետո, գումար վաստակելու ձեր հնարավորություններն ու կարողությունները: 
Այլ կերպ ասած` իմացեք այն ակտիվի արժեքը, որում դուք պատրաստվում եք ներդրում կատարել: Հենց սրանով է որոշվում վարկ վերցնելու նպատակահարմարությունը, քանի որ այսօր Դուք ծախսեր եք կատարում Ձեր կրթության վրա` ապագայում ավելի շատ վաստակելու ակնկալիքով: Հակառակ դեպքում այդ ամենը անիմաստ կլինի:
5. Ուսման վարկերի ստացումը Ձեր ուսումը ֆինանսավորելու միակ տարբերակը չէ:
Վարկ վերցնելուց առաջ ուսումնասիրեք գումար հայթայթելու այլընտրանքային տարբերակները` վարկի գումարը հնարավորին չափով նվազեցնելու համար: Այս պարագայում որպես այլընտրանքային տարբերակներ կարող են հանդես գալ նաև ձեր սեփական խնայողությունները, ընտանիքի օգնությունը, տարբեր տեսակի կրթաթոշակները և գրանտները:
Նյութը վերցված է http://www.abcfinance.am/  կայքից:

662 total views, 2 views today

Leave a Reply