Բնագավառներ


Սայաթ-Նովա

Ամենայն հավանականությամբ Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։ Սայաթ–Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել–կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։

12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգին և երաժշտությանը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ–Նովա՝ երգի որսորդ։ 1759–ի կեսերին ավարտվել է Սայաթ–Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան–երաժիշտի կյանքը։ 1759–ին Հերակլ II–ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «Ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Երբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766–ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ Աստվածաշնչի հատվածներից բաղկացած մի ժողովածու։ 1768–ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ–Նովա–Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778–ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարփել է Թիֆլիս։ 1795–ի սեպտեմբերին, Աղա–Մահմուդ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Սայաթ–Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորությունով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ–բանաստեղծի բուն դերը ու կոչումը, հասկանալով, որ գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։ Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ–Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։ Սայաթ–Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ–Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլի II–ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձի պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ–Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հառացնել տվել պալատից։ Սայաթ–Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։ Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերն հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոճ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտնահարումը։ Սայաթ–Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարվերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկային աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։ Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական–ժողովրդական քնարերգության բարձրակետ է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնվել է հայոց քաղաքական ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով 16-րդ դարը։ Ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության մեջ։

912 total views, 2 views today

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, բանաստեղծ և փիլիսոփա։ Հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։

Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում 951 թվականին: (Ըստ Վաչե Նալբանդյանի Նարեկացու ծննդյան թվականն ընկնում է Ք.Ա. 945–950– միջև)։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր։ Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, ոորտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու ձեռքի տակ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր չափազանց հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել, և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է Թոնդրակեցիների աղանդին պատկանելու կամ հարելու համար (Ըստ որոշ ուսումնասիրողների, կաթողիկոսի կողմից իբրև թոնդրակեցի է բանտարկվել Նարեկացու հայրը։ Թոնդրակեցիությանը հարելու մեջ կասկածվել է նաև Անանիա Նարեկացին։)

Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականիnն և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։ Հիմնական հոդվածները՝ «Մատյան ողբերգության» և Նարեկացու Տաղերը:

Նարեկացու առաջին խոշոր աշխատանքը «Երգ երգոցի» մեկնությունն է` գրված 977թ, Վասպուրականի Անձևացյաց գավառի Գուրգեն-Խաչիկ իշխանի պատվերով: Նարեկացին այստեղ զարգացնում է այն միտքը, թե մարմնավորի, առարկայականի, տեսանելիի միջոցով Սողոմոնն արտահայտել է աստվածայինը, որովհետև աշխարհն էլ Աստծո արարչագործության արդյունք է, և աստվածայինը դրսևորվել է առարկայական աշխարհի մեջ. «Ի ձեռս մարմնաւորաց տեսցուք զհոգեւորս»։

Ըստ Նարեկացու` տղամարդու և կնոջ սերը, որ հարսի և փեսայի սեր է, երբ օրհնվում է Սուրբ Պսակով, զուրկ չէ Հոգու շնորհից: Այսինքն սուրբ ընտանիքի գաղափարը Նարեկացուն հիմք է տալիս արդարացնելու տղամարդու և կնոջ սերը։

Նարեկացու գրչին է պատկանում նաև «Ապարանից խաչի պատմություն» վերնագրով մի երգ, որը հեղինակը գրել է Մոկաց աշխարհի Ապարանք գյուղում վանական համալիր կառուցելու առիթով: Գեղարվեստական արժեք են ներկայացնում նաև Նարեկացու «Ճառ ներբողի» և «Գովեստ երգաբանութեան Տիրուհւոյն» ներբողյանները` նվիրված Սուրբ Աստվածածնին: Նարեկացու ստեղծագործությունների մեջ առանձին տեղ են զբաղեցնում գանձերը` գրված որոշակի տոնին երգվելու նպատակով: Պահպանվել են շուրջ տաս գանձեր, որտեղ գովաբանվում է տոնի խորհուրդը: Գանձերը սերում են ավանդական քարոզից և ունեն քարոզին բնորոշ ձևական հատկանիշներ: Գանձերի առաջին կիրառողը եղել է Գրիգոր Նարեկացին: Գանձ ժանրանունը ծագում է հենց Նարեկացու ստեղծագործություններից, որոնք սկսվում են «Գանձ» բառով` դրանով ապահովելով հեղինակի անվան սկզբնադիրը և ամբողջության մեջ դուրս բերելով «Գրիգորի երգ» ծայրակապը: Նարեկացու գանձերին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

  • գանձերի առաջին տներում ներբողվում է տվյալ տոնը կամ սրբի հիշատակը,
  • յուրաքանչյուր տուն ավարտվում է կրկնակով կամ դարձով,
  • վերջին հատվածներում առկա են ննջեցյալներին ողորմության արժանացնելու և աղաչողին սեր և բարի գործեր պարգևելու մասին խնդրանքներ,
  • գանձերն ավարտվում են հին քարոզներից վերցված տողերով: Նարեկացուց պահպանվել են նաև շուրջ երկու տասնյակ տաղեր, որոնք իրենց բովանդակությամբ կապվում են գանձերի հետ, քանի որ նվիրված են եկեղեցական որոշ տոների: Նարեկացին տաղերում արտահայտել է կրոնական տրամադրություններ և գաղափարներ` իրականությունից առնված պատկերներով: Այս ձևով նա բանաստեղծությունից օտարել է ավանդական որոշակի ձևեր և պոեզիայի մեջ ներդրել սեփական ընկալումների շնորհիվ ինքնուրույն պատկերներ գործածելու սկզբունքը: Հեղինակի լավագույն ստեղծագործություններից է «Տաղ Վարդավառի»-ն: Վարդի և շուշանի գունզգույն ծաղիկների պատկերներով հեղինակը նկարագրում է Քրիստոսի Պայծառակերպության ավետարանական դրվագը: Իր չափազանց հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։ «Տաղ Ծննդյան»-ում հեղինակը ներկայացնում է Աստվածածնին իր ողջ գեղեցկության մեջ` նկարագրելով անգամ Աստվածածնի հանդերձանքը: Եթե մինչ այդ Աստվածածինը ներկայացվում էր շարականներում իբրև կանանց մեջ ամենագովելին և բարեխոս իր Որդու առջև, ապա Նարեկացու մոտ ավանդական այս մոտեցումը առաջինը լինելով փոխված է: Նարեկացու արժեքավոր ստեղծագործություններից է նաև «Հարության տաղը»: Այստեղ ներկայացվում է, թե ինչպես Մասիսի լանջով իջնում է սայլը, որը քաշող սայլապանը նման է Խորենացու նկարագրած Հայկ նահապետին:

3,380 total views, 2 views today

Մխիթար Գոշ


Մխիթար Գոշ (1120–ական թթ, գ. Գանձակ, այժմ՝ Գյանջա, Ադրբեջան – 1213, Նոր Գետիկ, այժմ՝ Գոշ գյուղ, Հայաստան) ― հայ մտածող–գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ։

Մխիթար Գոշի առականերով 12–րդ դարի հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը՝ առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն, ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ։

Մ. Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։ Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկի խոստովանահայրն ու խորհրդատուն։ Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է։

Սովորել սկսել է ծննդավայրում։ Չափահաս դառնալով՝ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ստացել վարդապետի կոչում։ Այնուհետև Մ. Գոշը գնացել է Կիլիկիա։ Թաքցնելով վարդապետական աստիճան ունենալը, ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան։ Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, ապա տեղափոխվել է Խաչեն, այստեղից էլ՝ Նոր Գետիկի վանքը։ Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը։ Ամիրսպասալար Զաքարե ևԻվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ Գետիկից ոչ հեռու՝ Տանձուտա ձորում կառուցել Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ։ Այնտեղ նա բացել է իր դպրոցը։ 1196-1198 գնացել է Երուսաղեմ ուխտագնացության։

Մխիթար Գոշի մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք (Գոշի վանք)։ Վանաձոր քաղաքում գործում է Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարան։ Մ. Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Շարքհայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ։ Ուշագրավ են «Յայտարարութիւն»–ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է, որով հեղինակը հորդորել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների քաղ. համակեցության վրա, և «Շարք հայրապետացն Աղուանից»–ը, միակ աղբյուրը, որտեղ համառոտ շարադրված է Աղվանքի 11-12 դդ. պատմությունը։ Բացառիկ արժեք են ներկայացնում Մխիթար Գոշի Դատաստանագիրքն ու առակների ժողովածուն։ Մ. Գոշը հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները Դատաստանագրքում փորձել է կարգավորել օրենսդրական միջոցներով։

Դեռևս միջնադարում Դատաստանագիրքը թարգմանվել է լատիներեն, լեհերեն և վրացերեն լեզուներով, կիրառվել է հայ գաղթօջախներում։ Նրա առակների նյութը հիմնականում հասարակական և կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ։ Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով։ Առակագիրը շոշափում է խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալ–պատմական իրադրության պարզաբանման համար։ Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը և սոցիալական պայքարի առկայությունը։ Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ՝ աստծուց։ Սակայն հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիններս պարտավոր են նրան պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից։ Առակներում ևս Մ. Գոշը կենտրոնացած ուժեղ պետականության գաղափարն է արծածում։ Այստեղ այլաբանորեն կոնկրետ մարդն է նկարագծվում՝ իբրև գյուղացի, քաղաքացի, ազնվական–իշխան, արհեստավոր, կրոնավոր, թագավոր և այլն՝ իր կեցության առանձնահատկություններով։ Մ. Գոշը իր ժողովածուն կազմել է ուսուցողական նպատակներով։ Նրա համար առակը հրապարակախոսության միջոց է՝ դրվատելու առաքինությունները, ծաղրելու պակասությունները, հիմարությունն ու տգիտությունը, խարազելու չարիքը։ Ժողովածուն ունի կուռ կառուցվածք. պարունակում է 190 առակ, որոնք երեք գլխավոր բաժիններում դասավորված են որոշակի կարգով, ըստ գործող անձանց կամ նյութի՝ երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ։ Բարոյականք կոչված առակների նյութը բույսերի և կենդանիների հատկություններն են, բարքը, որ հեղինակը դնում է իբրև առակի պատմողական մաս և դրանից հանում բարոյախոսական եզրակացություն։ Այդ պատճառով էլ այս խմբի առակները մեծ մասամբ սակավ գործողությամբ այլաբանական համեմատություննեև են։ Գործողությունն ուժեղ է առասպելական և ստեղծական կոչված առակներում, որոնց նյութը քաղված է կենդանիների ու մարդկանց կյանքից։ Բոլոր դեպքերում պատմվածքի մասը ծավալուն չէ։ Առասպելական, մասամբ և ստեղծական առակներում Մ. Գոշը վերցնում է այնպիսի գործող անձինք, որոնց սոսկ անունները պատրաստի հասկացություններ են. աղվես՝ խորամանկություն, նապաստակ՝ վախկոտություն, արջ՝ միամտություն–հիմարություն ևն։ Նրա առակների ժողովածուն առաջին արձակ ստեղծագործությունն է հայ գրականության մեջ, որ գրված է իբրև գրական–գեղարվեստական երկ։ Այս իմաստով Մ. Գոշը գեղարվեստական արձակի հիմնադիրն է հայ գրականության մեջ։

Մ. Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1790-ին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն։ Մխիթար Գոշի Դատաստանագիրքը հայոց և միջազգային իրավունքի պատմության մեջ մեծ իրադարձություն է եղել: Այն պարունակել է այնպիսի դրույթներ, որոնք տեղ են գտել այժմյան բազմաթիվ իրավական ակտերում: Գոշը այնպիսի գաղափարների հեղինակ է, որոնք բխել են անմիջականորեն մարդու բնական իրավունքներից: Դատաստանագիրքը պարունակել է քրեական, քաղաքացիական և այլ կարևոր հարաբերություններ կարգավորող դրույթներ:

3,544 total views, 2 views today

Ավետիք Իսահակյան

Ավետիք Սահակի Իսահակյան (Հոկտեմբեր 301875Ալեքսանդրապոլ – Հոկտեմբեր 171957Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: 

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը: 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվելԹիֆլիսում։ 1899 – 1906 թվականին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում: Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։ Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 19151922 թվականի «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։ XIX դարի վերջի և XX դար սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականաին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թվականներին Հայաստանի գրողների միության նախագահն էր:

770 total views, 1 views today

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869 – Մարտ 23, 1923)՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։ Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաև «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձերբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում:

1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։

Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

Լրացուցիչ տեղեկություններ Աղբյուր՝ «Большая Советская Энциклопедия» Տրամադրել է՝ Զավեն Գրիգորյան Թարգմանություն՝ Կարեն Վրթանեսյան Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905 թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաև «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթը» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

2,165 total views, no views today

Դերենիկ Դեմիրճյան

Դերենիկ Դեմիրճյան (Դեմիրճօղլյան) Կարապետի (1877 փետրվարի 18, Ախալքալաք (այժմ՝ Վրաստան) – 1956 դեկտեմբերի 6, Երևան), հայ գրող, հրապարակախոս։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892-ին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը։ 1898-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900-ին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնատունգրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903-ին մեկնել է Մոսկվա։ 1905-10-ին սովորել և ավարտել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925-ին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։

Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ 1893-ին «Տարազ»-ում լույս է տեսել Դեմիրճյանի անդրանիկ` «Ապագան» բանաստեղծությունը։ Այնուհետև աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» պարբերականներին։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899-ին, երկրորդը՝ 1913-ին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ։ Հասարակության հոգսերով ապրող բանաստեղծը ձգտում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը, սակայն բանաստեղծությունների սիմվոլիստական պատկերների մեջ այդ ձգտումը դառնում էր անորոշ ու վերացական։ Խորհրդածելով բնության ու մարդկային կյանքի մասին («Կյանքի տեսիլ» պոեմ, 1913)՝ Դեմիրճյանն ընդգծել է կյանքի անիմաստ լինելը։ Սա երիտասարդ բանաստեղծի որոնումների շրջանն էր։ Դերենիկ Դեմիրճյանի պատկերով ԽՍՀՄ փոստային ծրար

Դեմիրճյանի հոգևոր վերածնունդը տեղի ունեցավ 1905–1907-ի հեղափոխության ազդեցությամբ։ Ազատության համար զանգվածային պայքարը բանաստեղծին մղեց ժողովրդի հետ հոգևոր մերձեցման։ Այս շրջադարձի արտահայտությունն է «Լենկթեմուր» հայրենասիրական պոեմը, որտեղ Դեմիրճյանը դրվատել է ժողովրդի ուժը, երգել նրա անմահությունը։ Մարդկային մեծ սիրով ու լավատեսությամբ է տոգորված «Գարուն» (1920) ժողովածուն, որն ամփոփում է 1902–1919-ին գրած քառյակները։

Մինչև 1919-ը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային։

Դերենիկ Դեմիրճյանի աշխատասեղանը (Դերենիկ Դեմիրճյանի երևանյան տուն-թանգարան)

Դարասկզբին գրած պատմվածքներում դրսևորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»)։ «Վասակ» (1912) և «Հովնան Մեծատուն» (1919) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման։

916 total views, 1 views today

Ղազարոս Աղայան

Աղայան Ղազարոս Ստեփանի (Ապրիլի 5, 1840 – Հունիսի 20, 1911), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։

Կենսագրություն

Ծնվել է ապրիլի 4–ին, Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853-ին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի հետո ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։

Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Պետերբուրգում։ 1867-ին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-70)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։ 1895-ին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902-ի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905-ին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։ Մահացել է 1911 թ. հունիսի 20-ին, Թիֆլիսում։

Մանկավարժական գործունեություն

Հայ մանկավարժության պատմության մեջ Աղայանը հայտնի է նաև որպես մանկավարժության տեսաբան։ Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնապես գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայ դպրոցներում։

Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։

Նա զուտ տեսաբան չէր (ինչպես Ռուսոն և շատերը), այլ այդ մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ (ինչպես Պեստալոցցին, Օուենը և ոմանք), դրա ապացույցն է Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին (նաև Սարդարի այգում դպրոցին հատկացված մի մեծ հողամաս), ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում էին (վարում, ցանում, ջրում, խնամում, հավաքում և այլն) և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ… Եվ այդ ամենը ոչ միայն ուսուցանում, այլև տարածում գյուղացիության մեջ։ Նույնը և զանազան արհեստների անցման հարցում։

Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։

Նրա գործունեության և մանկավարժական մտածողության ուղեցույցը դարձավ 1869 թվականի «Արարատ» ամսագրի առաջին համարներով հրապարակած «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշարը մանկավարժական բազմաբնույթ հարցերի յուրովի մեկնաբանմամբ։

Աղայանը քննադատում էր գործող դպրոցը, «իսկ ի՞նչ էր տալիս ժամանակի դպրոցը», այս սուր հարցադրմանը հետևում է պատասխանը՝ «Հայոց դպրոցներում … գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»… կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն, «կապկաբար» ընդօրինակելը։ Եվ համոզված գրում, որ ամեն ինչ պետք է հարմարեցնել մեր ազգի առանձնահատկություններին, նրա տնտեսական պայմաններին, քաղաքական իրադրությանը։ Եվ իրավացիորեն բողոքում էր և մերժում այն «մասնագետ մանկավարժներին», որոնք աղանդավորի մոլեռանդությամբ ընդօրինակում են ուրիշներին։ Իսկ պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։ Դպրոցական կրթության նախաշեմը համարելով ընտանեկան դաստիարակությունը և դրանում հիմնավորելով մոր անփոխարինելի դերը, կարևորում է դպրոցի շրջանակներում աղջիկների համակողմանի դաստիարակությունը և զարգացումը, կապահովենք այդ, կունենաք կիրթ մայր-դաստիարակչուհիներ, եթե ոչ, չենք ունենա «կրթված մայրեր»։

Աղայանը ուսուցչական բացառիկ ընդունակություններ ուներ.

  1. մանկավարժական վարպետություն,
  2. դասավանդման կատարելիություն,
  3. անսահման սեր երեխաների նկատմամբ։

Եվ ճիշտ են բնորոշում նրան, որակելով որպես «ժողովրդական ուսուցչի պայծառ տիպար»։ Նա ուսուցիչ դաստիարակ էր ինչպես մատաղ սերունդների, այնպես էլ խորհրդատու-օգնող սկսնակ (և ոչ միայն սկսնակ) ուսուցիչների համար։ Նա բարձր էր գնահատում ուսուցչի դերը և պահանջում մասնագիտական, մանկավարժական խորը գիտելիքներ, դասատվության վարպետություն, նորարարություն ու հնարամտություն, բարոյական անաղարտություն։ Ուսուցիչը սիրելի կարող է լինել միայն իր «մարդավայել վարքով»… երբ նա է «կատարելատիպ աշակերտաց համար», ապա և «մի լինիր այնքան քաղցր, որ կուլ տան քեզ և ոչ այնքան դառն որ թքեն վրադ», ուսուցչի պատիվը բարձր պետք է պահել, թշվառ է այն «ազգը, որ չի մեծարում և ապահովում ուսուցչին»։ Նա առանց խտրականության դասավանդում էր դպրոցի բոլոր աստիճաններում ու դասարաններում, հատկապես ուսուցման առաջին տարում և ավարտական դասարանում։ Եվ իր վեհ ու ազնիվ բնավորությամբ սիրելի էր բոլորի կողմից, քանզի «անկեղծ էր մանկան պես… գիտեր սիրել… հոգու և սրտի ամբողջ թափով»։

Աղայանի մոտ ոչ բոլոր դիդակտիկ սկզբունքներն են մեկնաբանված, բայց տրված են դրանց կիրառման պայմանները, նա գտնում էր, որ ուսումնական գործընթացը պետք է լինի համակարգված ու հաջորդական, սովորողների ակտիվությամբ ու ինքնուրույնությամբ, մատչելի, զննական, յուրացումը հաստատուն, գիտակցված, տրամաբանական։

Նման բոլոր խնդիրները լուծվում են ուսուցչի ջանասիրության, նվիրվածության շնորհիվ… հետևապես նա պետք է լինի կատարյալ իր գիտելիքներով ու վարպետությամբ, անաղարտությամբ ու աշխատասիրությամբ, սիրով ու հոգատարությամբ… նրա բնորոշիչներն են՝ ազնվություն, համեստություն, համբերատարություն, շիտակություն, արդարամտություն, հաստատակամություն…

Դպրոցն այնպիսի կրթություն պետք է ապահովի, որ նոր սերունդը «հոգեպես և մարմնապես մի աստիճանով» բարձր լինի նախորդից։

Դաստիարակությունը ընդունելով որպես հզոր գործոն անձնավորության ձևավորման խնդրում, Աղայանը գտնում է, որ այն ամենակարող չէ, քանզի առկա են նաև բնության շնորհը և ժառանգականությունը և իր «ինքնակենսագրության» մեջ գրում է՝ «Բյոքլը չի ընդունում իր հատկությունների ժառանգությունը… եթե… ողջ մնար, կը խոստովաներ իր սխալը»։

Նա համոզված էր, մանուկն ի ծնե ավելի շատ հակված է դեպի լավն ու բարին, նրան դաստիարակելն դյուրին է, միայն պետք է ճանաչել նրան իր տարիքի և անհատականության մեջ և դրական օրինակ լինել սանի համար, օգտագործել նաև համոզումը, զրույցը, խրախուսանքը, երբեմն էլ պարսավանքը, որոշ վերապահումներով և պատիժը, բայց ոչ երբեք մարմնական։ Եվ դրանք արդյունավետ կլինեն, եթե վարվեք արդարամտությամբ, համագործակցված, լինենք հետևողական, անհրաժեշտության դեպքում նաև խստապահանջ։

Ուսուցման տեսության հարցերին անդրադառնալիս նա մեկնաբանում է հիմունքներն ու սկզբունքները, բովանդակությունն ու մեթոդները, կազմակերպման յուրահատկությունները և այդ ամենին ցուցաբերում գիտամանկավարժական մոտեցում։ Օրինակ, մեթոդների ընտրության հարցում ընդունելի է համարում ամեն մի նպատակահարմար ընդունելի, երբեմն իսկ արտաքնապես մերժելի թվացող միջոց, հնարք, եղանակ, անգամ «ճար ու դարման», միայն թե չաղճատվի դասի բովանդակությունը, չմթագնի նպատակը։

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտությանն մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, որոնք ունեն անգերազանցելի առավելություններ մինչ այդ և, անգամ, դրանից հետո էլ լույս տեսած շատ ու շատ դասագրքերից, որպես ապացույց դրանք շատ անգամներ վերահրատարակվել են և տասնամյակներ կիրառվել մեր դպրոցներում, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում արտացոլված էր մեր կյանքը, բնությունը, շրջապատը, նյութերի զգալի մասն իր իսկ գողտրիկ մանկական գործերն էին՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, առակներ, հեքիաթներ և այլն։

Աղայանի դասագրքերի գերազանցության գրավականը դպրոցի, մանկավարժության պահանջների բավարարումն էր։

Աղայանը խորն իմացությամբ, գիտականորեն և ամենայն խորաթափանցությամբ անդրադարձել է ու վերլուծաբար տվել աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության կարևորության դերը։

1869 թվականի մայիսից ստանձնելով «Արարատ» հանդեսի խմբագրի պաշտոնը, առաջին իսկ համարում զետեղում է «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող հոդվածը, նվիրված աշխատանքի գովքին, ըստ այդ հոդվածի աշխատանքը կենսական անհրաժեշտություն է, բնական պահանջ, «աշխատությունը մարդու համար անեծք չէ… այլ օրհնություն», բոլոր արարածներն «ատում են ծուլությունը, որ մայրն է ամենայն չարյաց, և ապացուցանում աշխատության… երջանկության միակ աղբյուր լինելը», չաշխատողը ցեց է, որ «ուտում է… ուրիշի աշխատանքը»։

«Խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» և այլ հոդվածներում, ինչպես և գեղարվեստական գործերում նա ավելի համակողմանի վերլուծությամբ տեսականորեն հիմնավորում է այդ հարցը։ Խուսափել փափկասուն բալիկներ մեծացնելուց, փոքրուց ֆիզիկական կոփում և աշխատանք,… դպրոցը պետք է շարունակի այն. «յուրաքանչյուր դպրոցին կից… մի արհեստանոց», ֆիզիկականը և մտավորը պետք է հաջորդեն միմյանց (ակտիվ հանգիստ), արհեստը ընդհանուր զարգացման վրա բարերար ազդեցություն ունի… արհեստներից դպրոցում ընդունելի է համարում կոշկակարությունը, դերձակությունը, կազմարարությունը, հյուսնությունը, երկաթագործությունը և այլն։

«Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե ծառա լինի, թե տեր, թե թագավոր և թե իշխան», եզրակացնում է «Անահիտ» հեքիաթում… և ապա՝ «աշխատությունը բոլոր առաքինությունների մայրն է, ինչպես ծուլությունը ծնող է ամենայն մոլության» գրում է իր դուստր Անահիտին հղած նամակներից մեկում։ Հետևապես՝ աշխատանքը կյանքի հիմքն է. առանց դրա չի եղել, չկա և չի կարող լինել ոչ մի դաստիարակություն։

Աղայանը նույն խորաթափանցությամբ պարզաբանում է նաև ֆիզիկական դաստիարակության հարցերը։ Մեծ թերություն էր համարում, որ կյանքում, հատկապես դպրոցում համարյա թե տեղ չուներ ֆիզիկական դաստիարակությունը, առանց որի դաստիարակության մյուս կողմերը թերի են։ Մեզ պետք են առողջ սերունդներ, դրա նախապայմանը «մարմնավարժությունն» է և աշխատանքը։

Ֆիզիկական դաստիարակության առանցքը «առողջ հոգին առողջ մարմնում» դրույթն էր. «Երեխայությունից սկսած… ես իմ մարմինը պնդացրել եմ, պողպատ եմ շինել»… իսկ դրա գրավականներն են՝ զբոսանքներ, շրջագայություններ, ֆիզիկական աշխատանք, մարզում, վարժություններ, խաղեր և այլն… Իր անձնական կյանքում Աղայանը լայնորեն օգտագործել է աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության միջոցները և օրինակ ծառայել շրջապատի համար։

Որտեղ, ինչ պայմաններում էլ աշխատել է նա, ձգտել է իրագործել իր մտորումները, և դպրոց մտցնել աշխատանքային ուսուցումը և ֆիզիկական դաստիարակությունը։ (Երևանում աշխատելիս նախակրթարանում անցնում էր հատուկ մարմնամարզական պարապմունքներ, թեմականում՝ մարմնամարզության ժամեր, առավոտյան լիցքային վարժություն պարապմունքներ… և ոչ միայն Երևանում)։

Փոքրերի զարգացման ամենալավ միջոցներն են խաղը, զբոսանքները, որոշ վարժություններ, ուժերը ներածին չափ աշխատանք և նման զբաղմունքներ։ «Խաղալն ու երգելը երեխայոց… հատկություններն են», հանցագործություն է նրանց զրկել այդ բավականությունից։

Ահա աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության կարևորության նրա գնահատականը։

«Նրա կյանքը անգիր անցկացավ», նա «անգիր» ապրեց, և այն ամենը, ինչ թողեց սերունդներին, իր «մեծության ու շնորհքի մի չնչին մասն է» միայն և, ցավոք, շատ ու շատ «բան տարավ իր հետ», քանի որ ժամանակ չունեցավ թղթին հանձնելու այդ ամենը։

Նա մեր ժողովրդի անաղարտ զավակն էր, հայրենի բնության, «անբաժան մասնիկը», մեր ձգտումների մարմնացումը… և այն ընկալեց ու գործեց ուսուցման գործընթացի և բնության գովերգմամբ, որն էր` «բնությունը համաչափություն և կանոնադրություն է սիրում, ոչ մի բան մարդկային հնարմանց մեջ այդ հրաշալի ներդաշնակությանը այնքան համանմանելու պահանջ չունի, ինչքան մարդու կրթության արվեստը», սա բնահարմարություն է, մարդու և բնության միասնականություն, համաձայնվածություն։

Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղ. Աղայանը և հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։

Գրականություն

Աղայանը բազմաժանր գրող է։ Առաջին տպագիր գործը՝ «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունը, լույս է տեսել «Մեղու Հայաստանի» լրագրում, 1862–ին։ «Արություն և Մանվել»–ով (1867) Աղայանը հիմք է դրել ինքնակենսագրական վեպի ժանրին հայ նոր գրականության մեջ։ Վեպում նա անողոք պայքար է հայտարարել խավարին ու հետամնացությանը՝ ընթանալով Աբովյանի բացած ճանապարհով։ «Երկու քույր» վիպակում արտացոլել է սոցիալական տեղաշարժերը ետռեֆորմյան հայ գյուղում, գյուղացու պայքարը հողի համար, որը նորություն էր հայ գրականության մեջ։ Վիպակում շոշափված են կնոջ հասարակական ակտիվության ու ազատ սիրո հարցերը։ Հասարակական չարիքի նախապատճառը Աղայանը համարել է սոցիալական անհավասարությունը և առաջ քաշել սեփականության արդար բաժանման խնդիրը («Բաժանություն», 1890)։ Աղայանի գեղարվեստական արձակի ուշագրավ նմուշներից է «Սերը արտաքսված» ստեղծագործությունը (1889), որտեղ դեմոկրատիզմի դիրքերից տվել է իրականության ռեալիստական պատկերը։ Մշակել է «Քյորօղլի» վիպերգությունից երեք դրվագ։ Մարդու հարաբերությունների մասին Աղայանի իդեալն ավելի ամբողջականորեն արտահայտված է «Տորք Անգեղ» պոեմում (1888), որի ատաղձը Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ եղած առասպելն է Անգեղյան Տորքի մասին։

Աղայանը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել մանկական գրականության ասպարեզում։ Մանկական բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Սրինգ հովվական»–ը, լույս է տեսել 1882–ին, հաջորդը՝ «Բանաստեղծություններ»–ը, 1890–ին։ Հեքիաթներն Աղայանի ստեղծագործության մեջ մեծ կշիռ ունեն։ Նա հեքիաթը համարել է իրական աշխարհի ու կյանքի ճշմարտացի պատկերման, մանուկների դաստիարակության կարևոր միջոց, հետևողականորեն պաշտպանել չարը կռվով ոչնչացնելու սկզբունքը։ Նրա հեքիաթների հերոսներն անձնական բարօրությունը ստորադասում են հանրային երջանկության գաղաձարին։ «Անահիտ»–ը (1881) հայ հեքիաթագրության լավագույն նմուշներից է։

Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Ի. Կռիլովի, Ֆ. Շիլլերի, Հ. Հայնեյի, Լ. Տոլստոյի, Վ. Շեքսպիրի գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ա. Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը։

1,131 total views, 2 views today

1-րդ 3-ից  12...Վերջ »